Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Իսրայելում ընթացող իրադարձություններին և իր համերաշխությունն է հայտնել Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին։
ԱԳՆ-ն սատարող հայտարարություն է հրապարակել X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության վրա իրականացված սարսափելի ահաբեկչական հարձակումը, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել, և համերաշխություն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին։
Մեր մտքերն այս սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների և մերձավորների հետ են։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:
Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։ Առայժմ հաղորդվում է առնվազն 44 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին։