Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում անցկացված, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրությունները։
Այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել հունիսի 9-ին։
«Օկուպացված տարածքներում անցկացված ցանկացած, այսպես կոչված` ընտրություն անօրինական է, չի կարող որևէ օրինական արդյունք տալ, այն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել «Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող գործողությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և իր զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից»։
Ի դեպ, միջազգային հանրությունը լեգիտիմ չի ճանաչում օկուպացված տարածաշրջանում անցկացված ընտրությունները. Միջազգային հանրությունը Հարավային Օսիան համարում է Վրաստանի ինքնիշխան շրջան։
Ընդգծենք` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը Վրաստանի երկու շրջանները` Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է որպես «անկախ պետություններ»։