Թբիլիսին դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքների ցանց»-ի (Creative Cities Network) անդամ: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ղեկավար Կախա Կալաձեն՝ խոսելով մշակութային ոլորտում Թբիլիսիի ձեռք բերած միջազգային կարգավիճակի մասին։
Կալաձեի խոսքերով, նախատեսվում է մեդիա արվեստի զարգացում և առաջիկա չորս տարիների ընթացքում մեկանգամյա կամ երկարաժամկետ նախագծերի իրականացում, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը։
Նոյեմբերի 10֊ին պաշտոնապես բացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հիմնադրված Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում ռուս և ամերիկյան բալետի արտիստ, խորեոգրաֆ և դերասան Միխեիլ Բարիշնիկովը նոյեմբերի 20֊ին կրկին կայցելի մայրաքաղաք։
Նախատեսվող մշակութային միջոցառումների մասին զրույցի ընթացքում Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է նաև Գալակտիոն Տաբիձեի 130֊ամյա հոբելյանական շաբաթվա անցկացման մասին։
Տիրուհի Համազարյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր