Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Բաթումիում ամփոփելով Հայաստան կատարած այցը, ևս մեկ անգամ կարևորել է Թբիլիսիի միջնորդական դերը հարևանների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
«Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերով և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ, մեզ հաջողվեց ականապատ տարածքների քարտեզների դիմաց ազատել գերիներին: Քննարկման հիմնական թեմաներից էր մեր համագործակցությունը՝ տարածաշրջանային ձևաչափով, որում Վրաստանը պատրաստ է ակտիվ միջնորդական դեր կատարել»,- Բաթումիում լրագրողների հետ զրույցում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է վերջերս իր կողմից հնչեցված տարածաշրջանային նոր հարթակի կարևորությունը։
«Իմ նախաձեռնությունն է, սկսել տարածաշրջանային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ, որի շրջանակներում մենք՝ երեք երկրներս, սերտորեն կհամագործակցենք, և դրանում Վրաստանը մեծ դերակատարություն կունենա»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք՝ Ղարիբաշվիլին մինչ Երևան այցը եղել էր Բաքվում։