Եվրոպական խորհուրդը մտահոգություն է հայտնում Վրաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, մասնավորապես, «գործակալների օրենքի» հաստատումը Հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես հետընթաց՝ կապված թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների հետ։ Այս մասին ասված է հունիսի 27-ին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո տարածված հայտարարության մեջ։
Եվրախորհուրդը կոչ է անում վրացական իշխանություններին պարզաբանել արտաքին կուրսը փոխելու մտադրությունները, որոնք սպառնում են Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն և դե ֆակտո առաջացնում են անդամակցության գործընթացի կասեցում։
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում վերջ տալ քաղաքացիական հասարակության, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ ահաբեկումներին, սպառնալիքներին և ֆիզիկական հարձակումներին։ Վրաստանին հիշեցվում է, որ Եվրամիության հիմնական արժեքների և սկզբունքների նկատմամբ հարգանքը կարևոր դեր ունի ցանկացած երկրի համար, որը ձգտում է անդամակցության։
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ ու արդար և խրախուսեն գործընկեր երկրների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական գործընթացը։ Եվրոպական խորհուրդը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»,- նշված է զեկույցում:
Եվրոպական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատում է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Նա վերահաստատում է իր անսասան համերաշխությունը վրաց ժողովրդի հետ և իր պատրաստակամությունը շարունակելու աջակցել վրացիներին եվրոպական ապագա տանող ճանապարհին: