Թբիլիսիի խորհրդանիշներից մեկը համարվող, Մտկվարի (Քուռ) գետի վրա կառուցված Խաղաղության կամրջի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Քաղաքապետի խոսքով, կամրջի վերականգնման գործընթացն իրականացվել է օտարերկրյա և վրացի մասնագետների ակտիվ հսկողության ներքո։
«Կամուրջը վատ վիճակում էր, վերանորոգման կարիք ուներ։ Ներկայումս արդեն ավարտվել են մոտ 200 մետր երկարությամբ հետիոտնային կամրջի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները, կամրջի վնասված հենասյունը։ Այսօր Խաղաղության կամուրջն ապահով է, աշխատանքներն ավարտված են։ Միակ բանը, որ մնում է և կարվի առաջիկա ամիսներին, կամրջի վրա նոր լույսերի տեղադրումն է»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 400 հազար լարի։