Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդի տոնը Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին։
Հավատացյալներն այս օրը տուն են տանում եկեղեցում վառված մոմերը, ինչը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:
Սուրբ Ծննդին, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմերը տանում տուն: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։