Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվեց Տեառնընդառաջի տոնը:
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։
Տեառնընդառաջի քրիտոնեական խորհուրդն այն է, որ տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար:
Ըստ տոնի ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակը վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշություն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Լուսանկարները՝ Անի Հարությունյանի
‘