Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրի խոշոր քաղաքներում շարունակվում են ախտահանման աշխատանքները։
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն ախտահանվել է մայրաքաղաք Թբիլիսիի Ծերեթելի պողոտան: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը: Աշխատանքներն իրականացնում են քաղաքային իշխանության կոմունալ «Թբիլսերվիսգրուպ» ընկերությունը և Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Աշխատանքներին հետևել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ողջ քաղաքի մասշտաբով պատրաստվում ենք ախտահանման աշխատանքներ իրականացնել: Հատուկ լուծույթով մաքրվում են փողոցները, որոնք սովորաբար մարդաշատ էին լինում», — ասել է քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով ախտահանողներին, ինչպես նաև ՆԳՆ-ին` աջակցության համար:
Հիշեցնենք, օրեր առաջ ախտահանվել էին Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան և Ազատության հրապարակի տարածքը։