
Թբիլիսիի քաղաքապետարանը կքննարկի մայրաքաղաքում փողոցային լուսավորության համակարգի փոխարինման և դրա համար նոր նախագծի ստեղծման հարցերը: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքի կառավարման նիստի ժամանակ:
Ըստ Կալաձեի՝ քաղաքի բոլոր փողոցները պետք է պատշաճ կերպով լուսավորված լինեն, ինչն այսօր ապահովված չէ:
«Ուզում եմ անդրադառնալ փողոցային լուսավորման համակարգի փոխարինման և նախագծի ստեղծման հարցերին: Այսօր Թբիլիսիում փողոցների լուսավորման միասնական համակարգ չունենք։ Իհարկե, ոչ բոլոր փողոցները պետք է միանման լուսավորությամբ ապահովվեն, մենք ունենք տարբեր տեսակի փողոցներ, մայրուղիներ, թաղամասեր և, հետևաբար, անհրաժեշտ է նախագծի շրջանակներում ունենալ համապատասխան փողոցային լուսավորություն», — ասել է Կալաձեն:
Ըստ Կալաձեի՝ պետք է լինի ժամանակակից, LED լուսավորման համակարգ, որը կարևոր է նաև էլեկտրաէներգիայի խնայման առումով: