Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին ասել է, որ Թբիլիսիի ավելի քան 63 հազար ընտանիքների ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգվի մեկ շաբաթվա ընթացքում։ Այս տեղեկությունը նա լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ջրամատակարարող GWP ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
«Այս 63 հազար բաժանորդներն առավելագույնը մեկ շաբաթ խմելու ջուր կստանան ժամանակացույցով… Առավելագույնը մեկ շաբաթ կպահանջվի այս աշխատանքների համար, որ ամբողջությամբ կարգավորվի իրավիճակը»,- ասել է Բենդելիանին։
Նշենք, որ հունիսի 16-ի ուշ երեկոյան տեղեկություն էր տարածվել, որ մայրաքաղաքը ջրով ապահովող Թբիլիսիի կենտրոնական խողովակաշարերից մեկը վնասվել է Ծիծամուրի գյուղի մոտ։ Այդ պատճառով 110 հազար ընտանիքի ջրամատակարարումը դադարեցվել էր։ Դրանցից 63 հազար 351-ին սահմանափակ ժամանակով ջուր կտրամադրվի՝ մինչև վնասի վերջնական վերացումը։
«Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» (GWP) ջրամատակարար ընկերությունից հայտնել են, որ խողովակաշարի վնասված հատվածը գտնվում է դժվարամատչելի տեղանքի վրա։ Կա նաև սողանքային գործընթացների զարգացման վտանգ։ Ընկերությունից պարզաբանել են նաև, որ այն բաժանորդներին, որոնց ջրամատակարարումը վթարային է եղել, ջուրը կմատակարարվի այլընտրանքային եղանակով՝ օրվա ընթացքում երեքից յոթ ժամ ընդմիջումով։