Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կբացվի «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» խորագրով ցուցահանդեսը:
Վիրահայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ, Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացվի Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում:
«Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին: Կներկայացվի Վիրահայոց թեմի նախկին կրթական կենտրոնի՝ Ներսիսյան հոգևոր դպրոցի պատմությունը՝ լուսանկարներով և փաստագրական նյութերով՝ հիմնադրման օրից մինչև խորհրդային կարգերի կողմից բռնագրավումը: Ցուցահանդեսի հեղինակը Լևոն Չիդիլյանն է:
Ցուցահանդեսը դիտել և Ներսիսյան հոգևոր դպրոցի պատմությանը ծանոթանալ կարելի է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը՝ 12:00-ից մինչև 17:00–ն: Սիրով հրավիրում ենք բոլորին: Մուտքն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մինչ այս, ցուցահանդեսը գործում էր Թբիլիսիի Կովկաս համալսարանում։