ԼԳԲՏ ակտիվիստ Լուկա Աբլոթիան հայտարարել է, որ ապրիլի 27-ին Թբիլիսիի մետրոյի «Գոցիրիձե» կայարանում հարձակման է ենթարկվել հոմոֆոբիայի հողի վրա։
«Հոլանդիայի դեսպանի հետ հանդիպումից հետո ընկերոջս հետ մետրոյով գնում էինք, երբ ուղևորներից մեկը վիրավորեց ինձ՝ անվանելով «պիդարաստ»: Ելնելով սոցցանցերում իմ գործունեությունից և ընդհանրապես ակտիվությունից՝ նման դեպքեր շատ են եղել։ Հարցիս, թե ինչու է վիրավորում, պատասխանեց՝ այդպես է ուզում»,- Netgazeti-ին ասել է Աբլոթիան։
Ակտիվիստի խոսքով, այնուհետև փորձել է հարձակվել իր վրա՝ չնայած զգուշացումներին, որ կօգտագործի պղպեղի սփրեյ․
«Այն բանից հետո, երբ ես նրա դեմ սփրեյ օգտագործեցի, ընկավ ու բղավեց՝ «Խփեք այդ պիդարաստին»։ Ուղևորներից մի քանիսը ֆիզիկական բռնություն գործադրեցին իմ նկատմամբ՝ հարվածելով ոտքերիս ու ձեռքերիս, ինձ դուրս շպրտեցին վագոնից»։
Ասում է՝ դեպքի մասին անմիջապես հայտնել են «Գոցիրիձե» մետրոյի կայարանի ոստիկանական խցիկում․ «Ոստիկաններից մեկն ինձ խուզարկեց, հարձակվողին՝ ոչ: Միևնույն ժամանակ ոստիկանն ինձ զգուշացրեց, թե չի թույլատրվում սփրեյ պահել, բայց փաստաբաններից գիտեմ, որ ես դրա իրավունքն ունեմ»:
Ըստ նրա՝ հարձակվողը որոշ ժամանակ գտնվել է ոստիկանությունում, սակայն, հիմա տեղյակ չէ՝ արդյոք կալանավորված է նա, թե՝ ոչ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով, որը վերաբերում է սպառնալիքներին։