Թբիլիսիի մետրոպոլիտենը կհամալրվի թեք վերելակներով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ EBRD-ի կողմից հատկացված վարկով կվերականգնվի Թբիլիսիի մետրոյի 12 կայարաններ, իսկ մետրոյի մի քանի կայարանների մուտքի մոտ կտեղադրվեն թեք վերելակներ՝ հեշտ տեղաշարժ ապահովելու համար։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի մենեջեր Թամազ Ռոբաքիձեն «Ինտերպրեսնյուսին» հայտնել է, որ թեք վերելակները կտեղադրվեն հետևյալ կայարաններում՝ «Գուրամիշվիլի», «Սարաջիշվիլի», «Սադգուրիս մոեդանի 3», «Սադգուրիս մոեդանի 2» և «Ծերեթելի»։ Հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կանայք և տարեցները կկարողանան օգտվել թեք վերելակներից, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ տեղաշարժվել։

Վրաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են համաձայնագրեր, որոնք ենթադրում են 50 միլիոն 600 հազար եվրոյի չափով վարկի հատկացում, բացի այդ, 5 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով կտրամադրի ՎԶԵԲ-ի կանաչ կլիմայի հիմնադրամը:

Ծրագրի շրջանակներում պետք է վերանորոգվի մետրոյի 12 կայարան։ Դրանք են՝ մետրոյի «Սարաջիշվիլի», «Ծերեթելի», «Գուրամիշվիլի», «Իսանի», «Ռուսթավելի», «Ազատության հրապարակ», «Սադգուրիս մոեդանի 1», «Սադգուրիս մոեդանի 2», «Ղրմաղելե», «Մարջանիշվիլի», «Նաձալադևի» և «300 Արագվելի»։