Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում գրանցումն այսուհետ կիրականացվի երեք փուլով, իսկ առաջնահերթ խմբերում կներառվեն նաև մանկապարտեզների աշխատողների երեխաները։
Կալաձեն հիշեցրել է, որ մինչ այժմ հայտագրումն իրականացվում էր երկու փուլով: Առաջին փուլում գրանցվում էին առաջնահերթ սոցիալական խմբերի երեխաները, իսկ երկրորդում՝ համընդհանուր գրանցումը․ 2023-2024 ուսումնական տարվա գրանցման գործընթացը բաղկացած է երեք փուլից:
«Առաջին փուլում հայտագրում կանցնեն առաջնահերթ սոցիալական խմբերը ներկայացնող երեխաները, երկրորդում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցվածները, երրորդ փուլում կհայտարարվի համընդհանուր գրանցումը»,- ասել է Կալաձեն։
Ինչ վերաբերում է առաջնահերթ խմբին, ապա քաղաքային իշխանության ղեկավարի խոսքով, դրանում կավելանան մունիցիպալ մանկապարտեզների աշխատակիցների երեխաները։
Ըստ նրա՝ գրանցման գործընթացը կսկսվի հուլիսից։