Թբիլիսիի թիվ 37 հանրային մանկապարտեզում այսօրվանից դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Պատճառը շենքի տեխնիկապես անբավարար վիճակն է։
Մանկապարտեզների ասոցիացիայի հաղորդմամբ՝ այդ որոշումը կայացվել է Լևան Սամխարաուլիի անվան Փորձաքննությունների ազգային բյուրոյի անցկացրած փորձագիտական եզրակացության հիման վրա։
Փորձագետների կարծիքով, թեև շենքն այս փուլում վթարային չէ, և փլուզման վտանգ չկա, բայց հաշվի առնելով, որ շենքի վնասվածքներն արագորեն զարգանում են, մանկապարտեզի շահագործումը ռիսկային է, քանի դեռ չեն իրականացվել նորոգման աշխատանքներ։
«Թիվ 37 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակն անբավարար է։ Նպատակահարմար ենք գտնում հնարավորինս արագ իրականացնել շենքի նորոգման աշխատանքներ՝ մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներով մշակված նախագծով»,- ասված է փորձագիտական եզրակացության մեջ։
Թիվ 37 մանկապարտեզի շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 2016 թվականին։ Մանկապարտեզը սպասարկում է 587 երեխայի։ Մանկապարտեզի տնօրինությունը երեխաների ծնողներին կառաջարկի ժամանակավոր գրանցում հարակից մանկապարտեզներում՝ ըստ ծնողների ընտրության։