Ընթացիկ ամսից մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր պետական մանկապարտեզների 11 հազար 188 աշխատակիցները 15 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Քաղաքապետն ասել է՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, ամեն տարի պետական կառույցներում աշխատողների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով. ըստ այդմ՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կավելանա 10 տոկոսով, սակայն քաղաքապետարանի կառավարության որոշմամբ՝ Թբիլիսիի բոլոր պետական մանկապարտեզները հունվարից 15 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան։
Նրա խոսքով, 2017 թվականից Թբիլիսիում կառուցվել է 23 նոր մանկապարտեզ, 11-ը՝ վերականգնվել: Թբիլիսիի քաղաքապետը, միաժամանակ ուշադրություն է հրավիրել պետական մանկապարտեզների հետ կապված ապագա ծրագրերի վրա։ Նրա խոսքով, շարունակվում են նոր մանկապարտեզների կառուցումն ու կիսավեր շենքերի վերականգնումը։
«2024 թվականին տասը ընթացիկ ծրագրերից կբացվեն յոթ նոր մանկապարտեզներ, կավարտվեն երեքի վերականգնողական աշխատանքները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Ի դեպ, այս փուլում Թբիլիսիում գործում է 189 պետական մանկապարտեզ, որոնք սպասարկում են մինչև 60 հազար երեխայի։