Երևանում է Թբիլիսիի մանկական կապելլան: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին նրանք ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Կապելլայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Թբիլիսիի Ալոիս Միզանդարիի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գելա Պարչուկիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ բացի այս համերգը Երևան գալու համար ունեն նաև մեկ այլ առիթ էլ. հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի է ունենալու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 30 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, և կապելլան իր ելույթով շնորհավորելու է սիրելի երգչախմբին։
Ըստ Պարչուկիձեի, նա և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը վաղեմի բարեկամներ են և այս համերգին ներկա գտնվելը կարևոր է:
Մինչ համերգները՝ կիրակի, կապելլան հյուրընկալվել էր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։
«Երևանում ունեմ այնպիսի զգացում, որ տանն եմ, շատ եմ սիրում այս դպրոցը, այս դպրոցի տնօրենին, որն իմ լավագույն ընկերներից է, շատ թանկ մարդ է ինձ համար և շատ թանկ է իր կատարած աշխատանքը։ Բացի այդ, Սայաթ-Նովայի անունը մեզ համար շատ թանկ է»,- ասում է Պարչուկիձեն՝ Հեքեքյանին նվիրելով Թբիլիսիում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանի լուսանկարը։
Երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում համերգի նախապատրաստական փորձի ժամանակ Պարչուկիձեն հուզմունքով հիշեց, որ տասնամյակներ առաջ «Էրեբունի-Երևան» երգի գործիքավորման վրա էր աշխատել, որն էլ կատարեցին։
«Ինձ համար շատ կարևոր է մեր ընկերությունը (նկատի ունի իր և մաեստրո Տիգրան Հեքեքյանին), մեր երեխաները տեսնում են դա, նրանք տեսնում են, թե մեզ ինչպես են ընդունում Հայաստանում, ոչ թե որպես հյուրերի, այլ որպես հարազատների, ավել բան պետք չէ»,- ասում է Պարչուկիձեն։
Հոկտեմբերի 19-ի համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղից։