Ռուսաստանը Վրաստանի լուռ համաձայնությամբ գրավում է «Աբխազիայի տնտեսութունն» ու անեքսիայի ենթարկում. Թբիլիսիի լռությունը վկայում է, որ «Վրացական երազանք»-ին դուր է գալիս այն քաղաքականությունը, որը Մոսկվան վարում է Աբխազիայում, անդրադառնալով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ընթացող զարգացումներին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վրացի փորձագետները:
Փորձագետները չեն բացառում, որ Աբխազիայի տնտեսության գրավումից հետո Ռուսաստանը նույն կերպ կվարվի նաև Վրաստանի հետ, քանի որ ներկայիս իշխանության քայլերն ավելի ակներև են դարձնում, որ Թբիլիսին դեմ չէ տնտեսական կապերի հաստատմանը Մոսկվայի հետ: Փորձագետների խոսքով, սա շատ վտանգավոր է. նրանք բազմիցս համոզվել են՝ Մոսկվայի հետ տնտեսական կապերը վտանգում են երկրների ազգային շահերը:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև վերջերս ստորագրված, այսպես կոչված, «Ներդրումային գործունեության համաձայնագրով» Մոսկվան փորձում է գրավել Աբխազիայի տնտեսությունը, ինչն, իհարկե, տեղի հասարակության դժգոհությունն է հարուցել:
Ըստ կոնֆլիկտաբանի, տեղի ընդդիմությունն ու հասարակությունը հասկանում են՝ Մոսկվայի նպատակն է աբխազներից առավել ՌԴ գործարարներին իրավունքներ տալ, որոնք ներդրումներ կկատարեն Աբխազիայում:
«Այն ռուս գործարարները, որոնք 2 մլրդ ռուբլի կներդնեն «Աբխազիայի տնտեսությունում», կազատվեն տուրքերից և կօգտվեն այլ առավելություններից ևս: Սա հարուցել է աբխազ հասարակության և բիզնեսմենների դժգոհությունը, ինչն էլ արտահայտվում է բողոքի ակցիաներով, որոնք կահագնանան, քանի որ նոյեմբերի 15-ին պետք է վավերացվի այդ «համաձայնագիրը»»,- ասաց Զաքարեիշվիլին:
Ըստ կոնֆլիկտաբանի, այս ֆոնին անհասկանալի է Վրաստանի լռությունը. ակներև է՝ Վրաստանին չի հետաքրքրում Աբխազիայի տարածքը: Նրա դիտարկմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդհանուր լեզու է գտել Ռուսաստանի հետ և տվել է իր համաձայնությունը։ Պատճառը նաև դա է, որ Վրաստանից ձայն չեն հանում, աշխարհին չեն տեղեկացնում, որ Ռուսաստանն անեքսիա է իրականացնում Աբխազիայում:
Նախկին պետնախարարի պարզաբանմամբ՝ աբխազ հասարակությունն ավելի շատ կընկնի ռուսական ազդեցության տակ: Կոնֆլիկտաբանը չի բացառում, որ հետագայում Վրաստանը ևս կհայտնվի ռուսական ազդեցության տակ։ Ըստ նրա` այն, ինչ անում է Մոսկվան Աբխազիայում, կտեսնենք նաև Վրաստանում:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով, շուրջ 10 տարի Աբխազիայում նկատվում է զանգվածային հակազդեցություն Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական բռնակցման քաղաքականությանը:
Ըստ նրա՝ աբխազները շատ լավ տեսնում են, որ գոյություն ունեցող ինստիտուցիոնալ և քաղաքական շրջանակը, իրենց ստեղծած սեփական «պետականությունը»` հատկապես 2008 թվականից, խարխլվում է, և այդպես շարունակելն այլևս անհնար է.
«Ավելին, ապագայում այդ գործընթացը կարագանա և անդառնալի ագրեսիվ կդառնա։ Այդպես էլ կլինի, եթե նույնիսկ Ռուսաստանում ծանր հետևանքներ լինեն ուկրաինական պատերազմում։ Նա շահագրգռված կլինի գոնե այս տարածքներում ամրապնդել իր վերահսկողությունը Սև ծովի վրա, և եթե նույնիսկ ի վերջո հաղթի այս պատերազմում, կսկսի ընդլայնել «ռուսական աշխարհը» և դժվար թե դրանից հետո հետևի «անկախության» ճանաչման խաղի կանոններին»:
Նրա դիտարկմամբ՝ այս պայմաններում Թբիլիսիի պատասխանատվությունը շատ մեծ է և նույնիսկ պատմական։ Թբիլիսին կարող է արձագանքել Աբխազիայի այս հիմնական վախերին, մտահոգություններին և դիմադրությանը ժողովրդավարական խաղաղության քաղաքականությամբ և գործընթացին ներգրավել Եվրամիությանը՝ որպես խաղաղ բանակցությունների և հակամարտությունների կարգավորման արդար միջնորդ և երաշխավոր.
«Եթե Վրաստանն այսօր անդամակցության ակտիվ թեկնածու լիներ, ապա Մոսկվայի փոխարեն կարող էր Բրյուսելին դիմել և եվրոպական ոճի վրացական նոր քաղաքականություն առաջարկել հիմնարար մարտահրավերների առաջ կանգնած աբխազներին»:
Աբխազիայում երկօրյա լարվածությունը թուլացավ Սոխումիում ձերբակալված հինգ ընդդիմադիրներին ազատ արձակելուց հետո։ Բողոքի ակցիան և Կոդորի ու Գումիսթիի կամուրջների փակումը պատճառ էր դարձել նրանց ձերբակալության։
Նոյեմբերի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Սոխումիում ձերբակալված հինգ ընդդիմադիրները՝ Ասլան Գվարամիան, Օմար Սմիրին, Ռամազ Ջոպուան, Գարի Կոկաիան և Ալմասխան Արձինբան, ազատ են արձակվել:
Ընդդիմությունն ու քաղաքացիները բողոքում են Ռուսաստանի և Աբխազիայի միջև վերջերս ստորագրված, այսպես կոչված, «Ներդրումային գործունեության համաձայնագրի» դեմ։ Այդ «համաձայնագիրը» ռուսական ընկերություններին իրավունք է տալիս իրենց ներդրումային նախագծերն իրականացնել Աբխազիայում։
Աբխազական ընդդիմությունը դեմ է համաձայնագրին և պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել դրա վավերացման օրը՝ նոյեմբերի 15-ին։