Սոցցանցերի վրացական տիրույթում այն պահից հետո, երբ կորոնավիրոսն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ ճանաչվեց, տարածվում են լուսանկարներ՝ դատարկված Թբիլիսիից՝ մետրոներից, սովորաբար մարդաշատ փողոցներից ու դատարկվող սուպերմարկետներից:
Խուճապի մատնված ժողովուրդը մթերքի խանութներից գնում է հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ` ալյուր, աղ, շաքարավազ, ձեթ, հաց և այլն.. Ալիք Մեդիան գնացել է տարածված լուսանկարների հետքերով, լուսանկարել դատարկվող սուպերմարկետները: Մեզ հետ զրույցում խանութների ներկայացուցիչները նշեցին՝ մթերք կա, որևէ թանկացումներ կամ մթերքի պակաս մոտ ապագայում չի սպասվում:
Սննդի խանութներից գնումներ կատարողների համար առանձին խորհրդատվություններ է տալիս սննդի ազգային գործակալությունը: Խորհրդատվությունները հիմնականում վերաբերում են ամենամեծ պահանջարկն ունեցող ապրանքին՝ հացին: Գործակալությունը կոչ է անում հաց արտադրողներին՝ խանութներ հանձնել այն փակ փաթեթավորմամբ, քանի որ վիրուսը հնարավոր է փոխանցվի հացին դիպչելու ճանապարհով: Թբիլիսիի մի քանի սուպերմարկետ արդեն իսկ գտել է խնդրի լուծման ճանապարհը` խստացրել է կարգը, այսուհետ ներկայացնելով միայն փաթեթավորված հաց: Խորհրդատվությունները վերաբերում են նաև սպառողներին՝ գնումներ կատարելիս մթերքն ընտրել հատուկ ձեռնոցներով, ախտահանել ձեռքերը հատուկ նյութերով:
Թբիլիսիի մի քանի առևտրի կենտրոնում, ի դեպ, տեղադրվել են ձեռքերն ախտահանելու համար նախատեսված ապարատներ, որից անվճար կարող է օգտվել ցանկացած սպառող:
Ինչ վերաբերում է խանութների աշխատակիցներին՝ վիրուսի տարածման կանխարգելման նպատակով նրանք նույնպես կրում են բժշկական դիմակներ և հատուկ ձեռնոցներ:
Նշենք, որ այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ է 30 քաղաքացի, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդել է Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ է ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ: Կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը:
Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի, Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք: