Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Աֆրիկա թաղամասում բնակվող հայր ու որդուն, որոնց լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցում:
Երեկ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքապետարանը ապամոնտաժել էր Աֆրիկա թաղամասում գտնվող մի քանի շինություն, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվել, իսկ որոշ օգտատերեր տարածում էին այդ թաղամասի բնակիչ հայր ու որդու լուսանկար՝ գրելով, որ քաղաքապետարանը նրանց թողել է «առանց տանիքի»:
Կախա Կալաձեն գրառում էր կատարել՝ նշելով, որ ծանոթացել է իրավիճակին, իմացել, թե ովքեր են այդ հայր ու որդին և որ «միայնակ հայրը պահում է 6 երեխայի»: Քաղաքապետը նշել էր, որ նրանց՝ իր ընտանիքի կողմից բնակարան կնվիրի:
Այսօր արդեն Թբիլիսիի քաղաքապետարանը Աֆրիկա թաղամասում, ապամոնտաժման հետևանքով տուժած ընտանիքների սիմվոլիկ 1 լարի գումարով բնակարաններ է փոխանցել:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիի Աֆրիկա թաղամասում, որտեղ Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել էր ապամոնտաժել շինություններ, ծեծկռտուք էր տեղի ունեցել իրավապահ մարմինների ու տեղի բնակչության միջև: Տեղացիներն աշխատողներին ապամոնտաժումն իրականացնելու հնարավորություն չէին տալիս: