Թբիլիսիում դեղին ավտոբուսների փոխարինման ծրագիրը շարունակվում է: Մայրաքաղաքի կառավարության նիսստից հետո քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ արդեն ձեռք բերված նոր 100 ավտոբուսները շուտով կհասնեն Թբիլիսի, ինչից հետո քաղաքում այլևս դեղին ավտոբուսներ չեն տեղաշարժվի:
Միաժամանակ, քաղաքապետարանը ձեռք կբերի լրացուցիչ 180 ավտոբուս, որի մրցույթը շուտով կհայտարարվի:
«Տրանսպորտային քաղաքականությունը մեր կարևորագույն ուղղությունն է, քանի որ մի շարք բարեփոխումներ են իրականացվում այս ուղղությամբ: Ես խոստացել եմ թբիլիսցիներին, որ կլինեմ այն քաղաքապետը, ով կկարողանա թարմացնել ու փոխել ավտոբուսներն ու իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ»,- հայտարարել է Կալաձեն: