
Երևանում այս օրերին գտնվում են ավելի քան 120 ներկայացուցիչներ աշխարհի 80 երկրների կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից՝ այդ թվում Վրաստանից։ Մայրաքաղաքի կենդանաբանական այգին հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը պատիվ ունի հյուրընկալել Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի 24-րդ համաժողովը։
Ամեն տարի այս համաժողովը համախմբում է ԱՊՀ և եվրոպական կենդանաբանական այգու շուրջ 150 պատվիրակների՝ քննարկելու ժամանակակից կենդանաբանական այգիների կառավարման, գլոբալ կենսաբազմազանության պահպանման խնդիրները, կենդանաբանության և անասնաբուժական ոլորտի առաջընթացը, ինչպես նաև պետական մակարդակով համագործակցության հեռանկարները:
Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի (ЕАРАЗА) միջազգային կոնֆերանսի այս տարվա թեման է վայրի բնության պահպանման ու կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը:
Կոնֆերանսի բացմանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի դրոշը։
Հանդիսավոր մասից հետո ներկայացուցիչները խորը մասնագիտական քննարկումներ են անցկացրել:
Համաժողովին Վրաստանից մասնակցում է երեք ներկայացուցիչ։
Հյուրերը եղել են նաև Երևանի կենդանաբանական այգում, մասնակցել կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ծղոտե քանդակների ցուցադրությանը, որի հեղինակն է արվեստագետ Մելս Գևորգյանը: