2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հորդառատ անձրևից հեղեղված Վերե գետը խլեց 23 մարդու կյանք, ավերվեցին բնակելի տներ, Թբիլիսիի կենդանաբանական այգին, հերոսների հրապարակի ավտոճանապարհները, Մզիուրի այգու մեծ մասը: Անօթևան մնաց 200-ից ավելի ընտանիք, վնասը կազմեց 50 մլն լարի:
Այդ օրերին Վրաստանում շատերը՝ երիտասարդները, կամավորները, հասարակական գործիչները, հոգևորականները, միահամուռ ուժերով պայքարում էին աղետի հետքերը վերացնելու, անտուններին օգնելու, մաքրման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Ջրհեղեղը սպանեց նաև կենդանաբանական այգու տասնյակ կենդանիների: Ջրհեղեղից մի քանի օր անց փնտրվող վագրի հարձակումից չհաջողվեց փրկել քաղաքացուն:
Մայրաքաղաքում շրջող վայրի կենդանիներից փոքրիկ արջն, օրինակ, փրկություն էր գտել այս օդորակիչի վրա բարձրանալով: Լուսանկարում տեսնում եք նույն օդորակիչը՝ զարդարած գրաֆիտիով: