Թբիլիսիի հետ համագործակցության շարունակումը կարևոր է. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում իրենք շարունակում են համագործակցել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։

Այս հայտարարությունը նա արել է հուլիսի 1-ին Պետդեպում կայացած ճեպազրույցում, որտեղ հարց է տրվել վրացի պաշտոնյաների ԱՄՆ կատարած այցերի մասին։

«Այս ճեպազրույցի սենյակում մենք շատ ժամանակ անցկացրինք՝ խոսելով Վրաստանում ընդունված որոշ օրենքների մասին: Կարևոր է, որ մենք շարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ: Սա մի երկիր է, որի հետ մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնց ցանկանում ենք առաջնահերթություն տալ երկկողմ հարաբերությունների համատեքստում։

Իհարկե, երբ խոսքը վերաբերում է այս կոնկրետ («գործակալների» — հեղ) օրենքին, դուք և՛ ինձանից, և՛ Մեթյու Միլլերից լսել եք այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնք կան, և որ դրանք հակասում են Վրաստանի ԵՄ ձգտումներին»,- ասել է Պատելը:

Ի դեպ, Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան ասել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իրավապահ մարմինների ներկայացուցիչ է ուղարկել ԱՄՆ՝ իր անձնական գործերը կարգավորելու համար: