Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն աշխարհում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնն առաջիկայում ամբողջությամբ հիմնանորոգված շենքում կբացի իր դռները։
Վերջերս թատրոնի գեղարվեստական ղեկավար վերանշանակված Արմեն Բայանդուրյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է՝ անձնակազմով պատրաստվում են թատրոնի շենքի բացմանը, նախատեսվում է բեմադրել ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Ռեվիզոռը» և Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, որի համար հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Շուրջ երեք տարի տևած շինարարությունը, սակայն, չի խաթարել թատրոնի աշխատանքները․ հյուրախաղերով եղել են ինչպես Վրաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ ըստ տնօրեն Բայանդուրյանի՝ շատ լավ են դիմավորել և ներկայացումներն անցել են լեփ լեցուն դահլիճներում։
«Ինչպես ստացիոնարում էինք խաղում մեր ներկայացումները, այնպես էլ շենքից դուրս թատրոնը գործել է»,-ասում է Բայանդուրյանը՝ հավելելով, որ այս ընթացքում տարբեր բեմերում մոտ 50 ներկայացում է բեմադրվել։
Բայանդուրյանը հույս է հայտնում, որ Թբիլիսիից բացի, հայաբնակ շրջաններում ևս հանդիսատեսն ակտիվ կլինի, իսկ դահլիճները՝ լեփ լեցուն:
Հիշեցնենք, որ թատրոնի շենքի շինարարությունը սկսվել էր դեռևս 2019-ի հունվարին։ Այն իրականցվում է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու գրուպ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1937-ից, իսկ մինչ այդ ներկայիս Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում էր, որտեղ գործում էր նաև վրացական թատրոնը։