Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը սեպտեմբերից իր պատերի ներսում կհյուրընկալի հանդիսատեսին, «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Բայանդուրյանը հավելեց՝ ներկայացումներ այժմ էլ կան, պարզապես՝ այլ թատրոնների բեմերում:
«Մեր թատրոնում դեռևս լուսավորության խնդիրը չի լուծվել, այդ իսկ պատճառով միայն սեպտեմբերին հնարավոր կլինի խաղալ մեր թատրոնի շենքում»,- ասաց Բայանդուրյանը:
Ի դեպ, հունվարի 26-ին, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվել է հայկական թատրոնի բեմադրած «Տիկին Սիրանույշ» պիեսը:
Հիշեցնենք, որ թատրոնի շենքի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի օգոստոս ամսվանից, որն իրականացվում է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հարկ է նշել, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի վերաբացումը մի քանի անգամ հետաձգվել է. նախ նախատեսվում էր վերաբացել 2021 թվականին, այնուհետև 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Նշենք, որ 2018 թվականին Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ընթացքում այդ ժամանակ մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գիորգի Բաքրաձեն հայտարարել էր, որ թատրոնի նորոգման աշխատանքներն արդեն սկսված են, «Քարթու» հիմնադրամն ամբողջովին ստանձնել է շինարարական աշխատանքների ծախսերը՝ հատկացնելով ավելի քան 8 մլն լարի:
«Սամխարաուլիի անվան ազգային բյուրոն, որը կազմել էր վերականգնման նախագիծը, արդեն շինարարական գործընթացի ժամանակ եզրակացրել էր, որ շենքն ավելի շատ է վնասված, քան նախագիծը կազմելու առաջին փուլում էր թվում: Որոշում է կայացվել՝ համաձայնեցնելով ինչպես թատրոնի ղեկավարության, այնպես էլ դեսպանության, հայկական կողմի գործընկեր նախարարության հետ, որ «Քարթու» հիմնադրամը կստանձնի շենքը քանդելու և տեղում նորը կառուցելու պարտականությունը: Շինությունը կլինի ավելի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ»,- ասել էր Բաքրաձեն:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է, հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1937-ից, իսկ մինչ այդ ներկայիս Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում էր, որտեղ գործում էր նաև վրացական թատրոնը։
Թատրոնի շենքը՝ 2019 թվականի շինաշխատանքների ժամանակ
Թատրոնի շենքը՝ 2022 թվականին շինաշխատանքների ավարտից հետո
Լուսանկարները՝ «Ալիք Մեդիա»-ի արխիվից: