Թբիլսիի հայկական թատրոնի դերասանախումբը շինարարությունը սկսելու օրվանից հետո առաջին անգամ մուտք գործեց թատրոնի շենք։
Մինչ այս աշխատակազմն ընդամենը մի քանի անգամ էր եղել շինհրապարակում, շենք մուտք գործելն արգելված էր, վտանգավոր էր, հիմա արդեն պատերն ամուր են։
Դերասաններն անցնում են ծանոթ վայրերով, հիշում, համեմատում, այստեղ ամեն ինչ նույնն է, իր տեղում․ դահլիճը, բեմը, ճեմասրահը, գրիմանոցները։ Ոչինչ չի պակասել, միայն ավելացել է, փոքր դահլիճն ու 4-րդ հարկը, օրինակ, նորություն են: Թատրոնը նաև մարզասրահ կունենա, որպեսզի դերասանները մշտապես լավ մարզավիճակում լինեն, նաև մի քանի համարներով հյուրանոց՝ նախատեսված հրավիրված դերասանների ու ռեժիսորների համար։
Թատրոնի շենքի կառուցապատման աշխատանքները դրսից ավարտված են, այս պահին ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։
Շինարարը խոստանում է, ևս ինը ամիս, ու Թբիլիսիի ամենագեղեցիկ մշակութային կառույցներից մեկը կբացի իր դռները։
Հիշեցնենք, որ Հայաստանից դուրս գործող հայկական միակ պետական թատրոնի շենքը վերակառուցվում է՝ վրաց միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող՝ «Քարթու» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ: