Թբիլիսիի Դիդուբեի թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյունը տեղի է ունեցել ուշ գիշերին Սամտրեդիայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 4 մուտքանոց շենքի 3-րդ մուտքում։ Պայթյունի հետևանքով զոհ չկա. վնասվել են մի քանի բնակարաններ և շենքի մոտ կայանված մեքենաներ։ Պայթյունի ալիքը կոտրել է շենքի մյուս մուտքերի բնակարանների ապակիները։
Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ուժերի գլխավոր բաժնի պետ Լևան Մուսելիանին լրագրողներին հայտնել է, որ նախնական ստուգմամբ՝ պատճառը բնական գազի արտահոսքն է։ Պայթյունը տեղի է ունեցել շենքի առաջին հարկի կոմերցիոն տարածքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
Բոլոր բնակիչները տարհանվել են շենքից։ Շենքի վիճակը պետք է գնահատեն փորձագետները։
Մարտի 14-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ Դիդուբեի շրջանի վարչակազմը տուժողներին հյուրանոց է տրամադրել։ Քաղաքապետարանի տվյալներով, շենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ապրում է 93 ընտանիք։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ շենքի վիճակն ուսումնասիրելուց հետո կպարզվի՝ բնակիչները կվերադառնան շե՞նք, թե մինչև տան ամրացումը ժամանակավոր վարձակալությամբ կապրեն: