Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլիի խոսքով՝ Թբիլիսիի Շավթելիի փողոցում գտնվող «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհը մարվել է։
Ըստ «Ամբասադոր» հյուրանոցի ադմինիստրացիայի հայտարարության, հրդեհից տուժածներ չկան։
«Այսօր՝ մարտի 31-ին, մոտավորապես ժամը 18:10-ին հրդեհ է բռնկվել «Ամբասադոր Թբիլիսի» հյուրանոցում։ Հյուրանոցի ադմինիստրացիան անմիջապես տարհանել է անձնակազմին և հյուրերին։
Դեպքից մի քանի րոպե անց դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
ՆԳՆ քննչական գործակալությունը աշխատանքներ է տանում հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ», — նշված է հյուրանոցի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի՝ հրդեհը բռնկվել է 4 հարկանի շենքի երրորդ և չորրորդ հարկերում։