Թբիլիսիի 104 հայկական դպրոցում հնչեց առաջին զանգը

Սեպտեմբերի 16-ին, Վրաստանի բոլոր դպրոցների նման՝ Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցում էլ հնչեց առաջին զանգը։ 

Գիտության օրվան նվիրված արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, ի հիշատակ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Կարինե Կարապետանի եւ 2022թ. շրջանավարտ՝ Հրաչ Հակոբյանի:

Այնուհետեւ հնչեցին Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմները։ Հիմներին հետեւեց տնօրինության խոսքը, որից հետո աշակերտներին իրենց բարեմաղթանքներն ուղղեցին   Վրաստանում ՀՀ դեսպան՝ Աշոտ Սմբատյանը, Թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը,և այլոք:

Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական դպրոցն այս դարի ընդունեց 17 աշակերտ։

6-ամյա Անին, ով  «Հայարտուն» կենտրոնի «Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտ է, շատ է սպասել այս օրվան։ Նա ասաց,որ սպասում է որ դպրոցում նոր ընկերներ, գիտելիքներ ձեռք կբերի եւ հետագա 12 տարին լավ կընթանա։ 

Անիի դասղեկ՝ Իզաբելա Աբրահամյանը ստեղծել էր խաղ հիշեցնող, աջակցող մթնոլորտ, երեխաներին դասընթացներին նախապատրաստելու եւ ոգեւորելու համար։ Ի դեպ, Իզաբելա Աբրահամյանի ղեկավարած դասարանից բոլոր դիմորդներն ընդունվել էին ԲՈՒՀ: 

Անցյալ տարվա 9 դիմորդից 9-էլ ընդունվել է ԲՈՒՀ՝ ինչպես 1+4  ծրագրի այնպես էլ Ազգային քննությունների սահմաններում։

Տնօրեն՝ Իրինա Ժամկոչյանը «Ալիք Մեդիա Վրաստանի» հետ զրույցում հայտնեց,որ հույս է հայտնում,որ այս տարի էլ ավելի շատ կլինեն ընդունվողները։

«Շատ ծրագրեր ենք պլանավորել այս ուսումնական տարվա համար»,-նշեց նա։ 

Միևնույն ժամանակ, 12-րդ դասարանի պատանիներն արդեն պատրաստվում են վերջին զանգին եւ նոր հաջողություններին։ Այս տարի դպրոցը կճանապարհի 29 աշակերտի։

Անի Խաչատրյանն այս տարի ավարտում է դպրոցը, ունի բազում սպասելիքներ, կապված՝ թե ուսման թե տարվա հանդիսավոր ավարտի հետ։ Ծրագրում է ընդունվել ԲՈՒՀ՝ 1+4 ծրագրի սահմաններում։

«Ուսումս կշարունակեմ կամ բիզնեսի կամ տնտեսագիտության ուղղությամբ, 1+4 ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռնում էթնիկ փոքրամասնություններին՝ հավելյալ ժամանակ տրամադրելով կողմնորոշվելու համար»,-ասաց Անին։ 

Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական դպրոցում սովորում է 255 աշակերտ։ Նախորդ տարվա  բոլոր դիմորդներն էլ ընդունվել են,աշակերտները հաջողությունների են հասնում ազգային օլիմպիադաներում, տարբեր ծրագրերում եւ առանց խնդիր շարունակում ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան