Թբիլիսի-Երևան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Հանդիպմանը, որին մասնակցել են Վրաստանի չլեգիտիմացված կառավարության և ՀՀ կառավարության անդամները, քննարկվել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը, ազատ առևտրի համաձայնագրերով ստեղծված հնարավորությունների օգտագործմանը, խոշոր տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերին, նաև զբոսաշրջության, թվային տնտեսության և տարանցիկ միջանցքների զարգացման կարևորությանը։

«Մեզ համար շատ կարևոր է սերտ համագործակցությունը՝ մեր երկրների ազգային շահերը համատեղ պաշտպանելու համար։ Մեր հարաբերությունները, գործընկերությունը և բարեկամությունը շատ ամուր պատմական հիմք ունեն: Սա եզակի բարեկամություն է, որը կապում է վրացի և հայ ժողովուրդներին։ Այս հարաբերությունները քաղաքական տեսանկյունից հասցրել են Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմանը, որը նոր մակարդակի վրա կբարձրացնի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը, և սա շատ լավ հիմք է, որպեսզի մենք էլ ավելի խորացնենք մեր քաղաքական, տնտեսական և այլ կապերը երկու երկրների միջև», — ասել է Կոբախիձեն:

Կոբախիձեն նշել է՝ Վրաստանը միշտ հայտնել է իր պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել և նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, «ինչը մեր երկրների զարգացման և բարգավաճման համար անհրաժեշտ պայման է»։

«Իհարկե, մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ ընկերների ու գործընկերների հետ այս հարցերի շուրջ։ Վրաստանն ու Հայաստանը հաստատապես աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանին ցուցաբերած անմնացորդ աջակցության համար։ Մենք ուրախ ենք, որ Վրաստանը մնում է գրավիչ զբոսաշրջային ուղղություն մեր հայ ընկերների համար։ Ամեն տարի մոտ մեկ միլիոն հայ զբոսաշրջիկ է այցելում Վրաստան, իսկ մեզ նման փոքր երկրի համար սա տպավորիչ թիվ է։ Ես կցանկանայի հաստատել մեր պատրաստակամությունը՝ անելու հնարավորը մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար», — հանձնաժողովի նիստում ասել է Կոբախիձեն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Ասել է՝ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար:

«Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար:

Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խոր ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ», — ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը 2024 թվականը Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից արդյունավետ տարի է գնահատել:

«Կցանկանայի ընդգծել այն մեծ ներուժը, որ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման և հարստացման առումով։ Այս համագործակցությունը գաղափար է, որին մենք հավատարիմ ենք և կոնկրետ քաղաքականության հիման վրա կարող ենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք լիովին հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք լավ ենք հասկանում, թե որքան կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Կովկասում։ Մենք ամեն քայլ անում ենք այս նպատակին հասնելու համար։ Կարծում եմ՝ նոր ձեռքբերումներ էլ ունենք։ Վստահ եմ, որ 2025 թվականը մեր բոլոր ջանքերի և համատեղ նախաձեռնությունների արդյունքում կդառնա նոր հավակնոտ նախագծերի սկիզբ», — ասել է Փաշինյանը:

Ըստ Վրաստանի կառավարության հաղորդագրության՝ Փաշինյանը նաև ասել է. «Մենք կարող ենք համատեղ քայլեր ձեռնարկել սահմանագծման-սահմանազատման գործընթացն էլ ավելի պարզեցնելու համար, ինչը կավելացնի և՛ ուղևորահոսքը, և՛ ապրանքաշրջանառությունը, և մենք հնարավորություն կունենանք բարելավելու մեր երկրների միջև իրավական և օրենսդրական հարաբերությունները, ինչն ավելի հեշտ հնարավորություններ կստեղծի բիզնես գործարքների և գործառնությունների իրականացման համար»:

Հանձնաժողովի նիստի ավարտից հետո Կոբախիձեն և Փաշինյանը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը։

Կոբախիձեն աշխատանքային այցով Հայաստանում է