Թբիիսի-Մոսկվա ուղիղ չվերթի չեղարկումը դրական արձագանքի է արժանանում «Ամոթ է» շարժման կողմից, որի նախաձեռնած հակառուսական բողոքի ակցիաների արդյունքում 2019-ից դադարեցված է երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։
Շարժման առաջնորդ Նոդար Ռուխաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթի չեղարկումը լավ է, եթե հաշվի առնենք Ուկրաինայի շուրջ զարգացումները։
Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքից ավելի քան երկու տարի անց Georgian Airways-ը 2022 թվականի հունվարի 26-ին հայտարարեց Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթ իրականացնելու մասին, որը շատ չանցած, սակայն, չեղարկվեց։
Ռուխաձեն կարծում է՝ Ռուսաստանը Վրաստանի հետ կապված լծակները միշտ իր օգտին է օգտագործում․ ուղիղ չվերթների չեղարկում, դրանց վերահսկումը և խոսակցությունները հենց այդպիսի լծակ են Ռուսաստանի ձեռքում։
Հիշեցնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ Ռուսաստանն այդ օրվանից դադարեցրեց ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ, «Ամոթ է» շարժման ղեկավարն ասում է․
«Բողոքի ցույցերը սկսվեցին 2019 թվականի հունիսի 20-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառ եկեղեցու միջխորհրդարանական վեհաժողովի նիստը ղեկավարում է ՌԴ Դումայի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Վերջինս զբաղեցնելով Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը, փորձեց նիստի աշխատանքները շարունակել ռուսերենով։ Ռուսաստանը որպես օդային հաղորդակցության դադարեցման պատճառ նշել է այն փաստը, որ Վրաստանում ՌԴ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանված չէ»։
Արդեն հաջորդ օրը Ռուսաստանի նախագահը հանձնարարեց արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան։
Վրացական հիմնական ավիափոխադրողը՝ Georgian Airways-ը որոշումից հետո թեև Թբիլիսի-Մոսկվա չվերթին այլընտրանք գտավ՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա, որի հետևանքով տոմսերի գների մեջ զգալի փոփոխություն եղավ՝ թանկացման տեսքով, այդուհանդերձ մի քանի շաբաթվա ընթացքում արդեն միլիոնավոր դոլարների կորուստ կրեց։
Դրան ավելանալով նաև համավարակը, ազգային փոխադրողը ժամանակավորապես դադարեցրեց թռիչքները մի քանի ուղղություններով, կամ կրճատեց դրանց հաճախականությունը՝ հայտնվելով ֆինանսական խորը ճգնաժամում։ Ավիաընկերությունն այս տարեսկզբին վաճառքի է հանվել։
Օրերս՝ փետրվարի 8-ին, Georgian Airways-ը տեղեկացրեց, որ ընկերության սնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ավիաընկերությունը անցել է վերականգնման, այլ ոչ թե սնանկացման փուլ, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը շարունակելու է գործել:
Կարդացեք նաև՝