
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել է իր գործընկեր՝ հայկական Air Dilijans ավիաընկերության (նախկին՝ Armenia Airlines) Երևանով Թբիլիսի-Մոսկվա չվերթների տոմսերի վաճառքը, գրում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, Թբիլիսի-Երևան չվերթի տևողությունը 30 րոպե է, Երևանի միջոցով Մոսկվայից Թբիլիսի չվերթի տարանցման ժամանակը չի նշվում, իսկ տոմսերը վաճառում է Air Dilijans-ը:
«Այս չվերթի տոմսերը մենք սկսել ենք վաճառել Armenia Airlines-ի վերանվանումից հետո», — նշված է տարածած տեղեկության մեջ:
Ի դեպ, հայկական ավիաընկերության անվանափոխության մասին հայտարարությունը հրապարակվել է նրա կայքում այս տարվա մարտի 20-ին։
Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 8-ին ռուսական կողմի որոշմամբ դադարեցվել են ուղիղ չվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունիսի 21-ին։ Այս տարվա հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքներն ամփոփող ճեպազրույցում հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանից Վրաստան ուղիղ չվերթները կվերականգնվեն։