Հունիսի 11-12-ը Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի (URC2024) բացումից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված իր մեկնաբանությունում ասել է, որ համաժողովում կհայտնի Վրաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ և աջակցություն կհայտնի Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը։
Վարչապետն ընդգծել է վրաց ժողովրդի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Ըստ նրա՝ Թբիլիսին բոլոր հարթակներում աջակցում է Ուկրաինային:
«Վրաց ժողովուրդն աչքի է ընկնում ուկրաինացիների հետ իր առանձնահատուկ համերաշխությամբ, մեզ կապում է ժողովուրդների միջև հատուկ պատմական հարաբերությունները, հետևաբար՝ մեր պարտքն է ամեն ինչ անել՝ մեր գործընկերների հետ միասին նպաստելու Ուկրաինայի վերականգնմանը»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, Թբիլիսիի և Կիևի իշխանությունների միջև «դժվարություններ կան», ինչը, նրա խոսքով, «առաջացել է էապես կոնկրետ որոշումներով, այդ թվում՝ Վրաստանից Ուկրաինայի դեսպանի հետկանչով և Ուկրաինայում Վրաստանի դեսպանի փաստացի հետ ուղարկմամբ», որը, ըստ Կոբախիձեի՝ «ճիշտ քայլ չէր»։
Ուշագրավ է, որ չնայած Վրաստանի աջակցող հայտարարություններին և Ուկրաինային մարդասիրական օգնությանը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի ֆոնին՝ Թբիլիսի-Կիև քաղաքական մակարդակով բազմիցս հնչել են քննադատական հայտարարություններ: Ուկրաինան դեռևս դեսպան չունի Վրաստանում. Ուկրաինան հետ է կանչել դեսպանին 2022 թվականի մարտի 1-ին:
Ի դեպ, հունիսի 11-12-ը Բեռլինում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսը (URC2024): Կոնֆերանսի հիմնական նպատակն է՝ մոբիլիզացնել միջազգային աջակցությունը պատերազմից տուժած ուկրաինական քաղաքների վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար: