Հոկտեմբերի 25-ին Երևանի Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սա այս տարի պատկերասրահի կողմից վերականգնվող հայ—վրացական մշակութային կապերի երկրորդ ցուցադրությունն է։ Ամիսներ առաջ տեղի էր ունեցել վրաց գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի ապլիկացիոն աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հյուրեր Վրաստանից և Հայաստանից:
«Սա իմ քաղաքն է: Ես ցանկացել եմ իմ քաղաքը գեղեցիկ ներկայացնել», — ներկաներին ողջունելով ասաց վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը և ներկայացրեց նկարներից մեկը՝ հին Ռուսթավելի փողոցը: Նկարիչը նշեց, որ ուրախանում է, երբ մարդիկ գնահատում են իր աշխատանքը, ինքն էլ փորձում է մարդկանց վառ և հաճելի տեսարաններ ներկայացնել:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն կիսվեց տպավորություններով ու նշեց, որ մի քանի րոպեով տեղափոխվեց հայրենի քաղաք:
«Շատ ուրախ ենք, այսօր շատ կարևոր օր է։ Թբիլիսիի ջերմությունը, հոգին ու կոլորիտն է այսօր այս պատկերասրահում ներկայացված: Ուրախ ենք նաև, որ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին տրվել է այսպիսի հնարավորություն՝ վայելելու այս պատկերները: Համոզված եմ՝ նրանցից շատերի համար ծանոթ տեսարաններ են. շատ էմոցիա կա սրանցում, շատ հիշողություններ, մանկության պատկերներ», — ասաց դեսպանը։
«Վառ է, հետաքրքիր և կոլորիտային», — այսպես մեկնաբանեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ցուցահանդեսը՝ հավելելով, թե «ով գոնե մեկ անգամ եղել է Թբիլիսիում և զգացել է քաղաքի գունագեղ, ջերմ կոլորիտը, կհասկանա, թե ես ինչ եմ զգում, երբ նայում եմ նկարներին»:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Լիլիթ Մակունցը խոսեց նաև մշակույթի ոլորտում հայ—վրացական հարաբերությունների մասին․
«Մոտ հինգ ամիս է, ինչ ես նախարարությունում եմ, և կարող եմ ասել, որ բավականին ակտիվություն է նկատվել մշակույթի ոլորտում: Գրեթե ամեն ամիս որևէ միջոցառում լինում է՝ նվիրված հայ-վրացական հարաբերություններին և մշակութային կապերի ամրագրմանը»:
Ինչպես հայտնեց մշակույթի նախարարը, այս տարի Թբիլիսիում ծրագրվում է անցկացնել «Հայաստանի մշակութային օրեր Վրաստանում»: Իսկ մյուս տարվա հետ կապված արդեն իսկ ծրագրվում են միջոցառումներ՝ Թումանյանի 150-ամյակին նվիրված: