Ֆինանսավորումից կարող են օգտվել Վրաստանի այն քաղաքացիներն, ովքեր վերջին մեկ տարում Թբիլիսիում հաշվառում ունեն:
Թբիլիսիի քաղաքապետարանը 70 հազար լարի (ավելի քան 26 հազար դոլար) ֆինանսավորում կտրամադրի՝ լյարդի փոխպատվաստման վիրահատության ընդհանուր գումարից: Այս մասին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքապետարանի նիստի ժամանակ:
Մինչ այս քաղաքապետարանը ֆինանսավորում էր 60 հազար լարի (մոտ 22,3 հազար դոլար) ՝ այն դեպքում, երբ նշված վիրահատության ընդհանուր արժեքը 120 հազար լարի է (ավելի քան 44,6 հազար դոլար):
«Մենք պատրաստ ենք աջակցել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, ես կցանկանայի, որ նման տիպի վիրահատության կարիք չունենա ոչ ոք», — ասել է Կալաձեն:
Նախորդ տարի ֆինանսավորվել է նման տիպի 10 վիրահատություն: Այս վիրահատության ֆինանսավորումը Կալաձեի նախընտրական խոստումներից է: