Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին մի խումբ թբիլիսահայեր այցելել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իրենց ցավակցություն հայտնելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։
Ներկաներին դիմավորել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալը՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հետ այսօր Ազնավուրի մահը կորուստ է համարում ողջ աշխարհը:
Հիշեցնենք՝ աշխարհահռչակ երաժիշտը երեկ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94-ամյա հասակում կնքեց իր մահկանացուն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վաղը դեսպանությունում սգո մատյան է բացվելու՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։