Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում:
Ավարտելով Թբիլիսիի N104 հանրային դպրոցը, երաժշտական տաղանդով օժտված Ղուշչյանն ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ղուշչյանը վերադարձել է ծննդավայր, սովորել և ավարտել է Վանո Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան:
«Հենց թբիլիսյան տարիներին էլ մասնակցեցի Էրասմուս+ ծրագրին, որի արդյունքում հնարավորություն ստացա սովորելու Լատվիայի՝ Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայում, ապա Գերմանիայում՝ Լյուբեկի երաժշտական ակադեմիայում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ղուշչյանը:
Երիտասարդ երգչուհին դժվարանում է հստակ ասել, թե ինչու է ընտրել այս մասնագիտությունը, սակայն հիշում է՝ որոշումը կայացնելու ժամանակ ընդամենը 16 տարեկան էր.
«Միգուցե դա կապ ունի իմ ընտանիքի հետ, քանի որ հայրս քահանա է Վիրահայոց թեմում, և ես մանկուց մասնակցել եմ եկեղեցու և հայ համայնքի միջոցառումներին, երգել եմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Էջմիածնի եկեղեցու երգչախմբերում, նաև մենակատար եմ եղել վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում»,- պատմում է Ղուշչյանը:
Նա նաև ասում է, որ երգչախմբում երգելը գուցե առիթ դարձավ իր համար բացահայտելու բազմաձայնությունը, ապա` ակադեմիական երգեցողությունը և ընդունելու շատ լուրջ որոշում.
«Շատ ուրախ եմ, որ իմ մասնագիտական ուղին սկսվեց հենց հայրենիքում, քանի որ Երևանի կոնսերվատորիան դարձավ իմ հիմքը` որպես օպերային երգչուհի»:
Խոսելով հասարակության մեջ ինտեգրվելու մասին` Ղուշչյանն «Ալիք Մեդիային» ասում է, որ նման խնդիր չի ունեցել, քանի որ միջնակարգ կրթությունը ստացել է հայկական դպրոցում, ինչպես նաև ընտանիքում միշտ խոսել են հայերեն:
«Իսկ արդեն Թբիլիսիում ուսանելու տարիներին նույնպես վրաց լեզվի հետ կապված խնդիր չեմ ունեցել։ Ապրելով այն միջավայրում որտեղ խոսում են այդ լեզվով, դա շատ հեշտ էր: Լեզուների հանդեպ մեծ սեր ունեմ մանկուց, որը ինձ շատ է օգնում իմ մասնագիտության առումով»,- անկեղծանում է երգչուհին:
Ղուշչյանի խոսքով՝ այս պահին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերայի ծրագրի մեներգչուհի է (YAOP ծրագրի ղեկավար` Լևոն Ջավադյան)։
Մոտ մեկ ամիս առաջ Իտալիայում անցկացվող Scuola delľ Opera Italiana Fiorenza Cedolins մրցույթում Ղուշչյանը ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը և ունի հրավերներ եվրոպական օպերային թատրոններից` հաջորդ 2022-2023 թատերաշրջանի համար.
«Նաև նշեմ, որ այս պահին պատրաստվում եմ մասնակցել միջազգային մրցույթի: Ունենք հստակ գրաֆիկ երիտասարդական ծրագրում և աշխատում ենք դրա վրա անգամ հիմա, երբ ամառային արձակուրդ է»:
Խոսելով առաջիկա պլանների մասին` Ղուշչյանն ասում է, որ շատ պլաններ կան, բայց դեռևս չի ցանկանում բացել բոլոր փակագծերը։
«Միայն կասեմ, որ աշնանը ելույթ եմ ունենալու Teatro Comunale di Bologna-ի նվագախմբի հետ Բոլոնիայում (Իտալիա)»,- եզրափակում է Ղուշչյանը: