Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, որո՞նք են ներկա քաղաքական օրակարգի հիմնական հարցերը, ի՞նչ սպասելիքներ ունի հանրությունը։ Այս հարցերի շուրջ «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի կազմակերպմամբ մայիսի 15֊ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանրային քննարկում։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը, ԵՊՀ-ի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող Աննա Դավթյանն ու հայ֊վրացական «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի խմբագիր Արսեն Խառատյանը քննարկման մասնակիցներին ներկայացրին հեղափոխության մանրամասները, խոսեցին արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, հեղափոխության մեջ կանանց ներգրավվածության հասարակական կազմակերպությունների կարևորության, ինչպես նաև ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։
ԵՊՀ-ի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող Աննա Դավթյանն իր զեկույցում խոսեց երկրի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության մասին.
«Ինչպես գիտենք, բավականին մեծ էր կանանց մասնակցությունը հեղափոխությանը, սակայն, եթե դիտարկում ենք թվերը, որոնք ցույց են տալիս կանանց ներկայացվածությունը այսօրվա կառավարությունում, դրանք այնքան էլ հուսադրող չեն: Ես փորձեցի ցույց տալ, որ այս պարագայում կարևոր է ինչպես քանակը, այնպես էլ որակը, որակ ասելով նկատի ունեմ այն կանանց, որոնք կարևորում են տղամարդկանց ու կանանց հավասարությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում»:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքերով նման հանրային քննարկումներն օգնում են ավելի սթափ գնահատել ձեռքբերումներն ու մարտահրավերները.
«Նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի վրաց հանրությունը ճիշտ հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում, լավ է նաև մեզ համար՝ կողքից հայացքը մի կողմից օգնում է գնահատել նվաճումները, որոնք ամենօրյա աշխատանքի մեջ մոռացվում են, մյուս կողմից էլ գնահատել, թե ինչ լուրջ խնդիրներ ունենք և ինչ աշխատանք ունենք անելու»:
Միջոցառման կազմակերպիչներից Լիլիա Չիխլաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծեց միջոցառման կարևորությունը.
«Այսօր փորձեցինք ամփոփել, թե հեղափոխությունից մեկ տարի անց ինչ փոփոխություններ կան Հայաստանում: Նման հանդիպում մենք ունեցել ենք նաև հեղափոխությունից մեկ շաբաթ անց և ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես հետաքրքրությունը ներկաների կողմից շատ մեծ էր: Այս ամենի հետ մեկտեղ, նման հանդիպումները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը»: