
Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում շարունակվող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը տուգանել է 5000-ական լարիի չափով։ Մարտի 9-ին ոստիկանները մտել են Ռուսթավելիի պողոտայում գտնվող Թբիլիսիի թատրոնի և կինոյի համալսարան և ուսանողներին տեղում տուգանել։
Բողոքի ցույցը Թատերական համալսարանում շարունակվում էր շուրջ երեք ամիս։ Ուսանողների խոսքով, տնօրինությունը ոստիկանությանը մարտի 9-ին կանչել է այն բանից հետո, երբ նրանց խնդրել է լքել տարածքը՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու պատրվակով։
Ուսանողներն այլընտրանքային տարածք են խնդրել, սակայն տնօրինությունն իրենց շատ փոքր սենյակ է առաջարկել, սակայն ուսանողները հրաժարվել են տեղափոխվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բողոքի ցույցին մասնակցող յուրաքանչյուր ուսանողի տուգանել է 5000 լարիի չափով՝ ըստ «Վրացական երազանք»-ի վերջերս ընդունած օրենքի, որն արգելում է չարտոնված բողոքի ցույցեր անցկացնել փակ տարածքում։
Մարտի 9-ին մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ ոստիկանների գալուց հետո Թատերական համալսարանի ուսանողները դուրս եկան համալսարանի շենքից և հայտարարեցին, որ բողոքի ցույցն այլ ձևով են շարունակելու։
Բողոքի ցույցը համալսարանի շենքում տևել է ավելի քան 80 օր։ Այդ ժամանակ շենքում 20-ից ավելի ուսանող կար: Փաստաբանի խոսքով` նրանցից ինը տուգանվել են։