
Թբիլիսիի թատերական համալսարանի ուսանողներից մի քանիսի խոսքով՝ իրենց ուսանողական կարգավիճակը դադարեցվել է բողոքի ակցիային մասնակցելու պատճառով։ Այս տեղեկությունը սոցցանցում հայտնել է ուսանողներից մեկը։
«Այսօր բողոքի ակցիա անող ուսանողներից մի քանիսը բուհի ղեկավարությունից նամակ են ստացել, որի համաձայն` իրենց ուսանողի կարգավիճակը չեղյալ է հայտարարվել»,- գրել է ուսանողը։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում ընթացող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը տուգանել էր 5000-ական լարիի չափով։ Մարտի 9-ին ոստիկանները մտել էին Ռուսթավելիի պողոտայում գտնվող Թբիլիսիի թատրոնի և կինոյի համալսարան և ուսանողներին տեղում տուգանել։
Բողոքի ցույցը Թատերական համալսարանում շարունակվում էր շուրջ երեք ամիս։ Ուսանողների խոսքով, տնօրինությունը ոստիկանությանը մարտի 9-ին կանչել է այն բանից հետո, երբ իրենց խնդրել է լքել տարածքը՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու պատրվակով, բայց ուսանողները հրաժարվել են դուրս գալ տարածքից։