Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում հոկտեմբերի 29-ին նշեցին թարգմանչաց տոնը, որը կապվում է հայոց գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության հետ։
Միջոցառումն անցկացվեց Դամիա գյուղի ակումբում՝ ուսուցիչների, աշակերտների և դպրոցի անձնակազմի մասնակցությամբ։
Միջոցառման ժամանակ աշակերտները տեղեկություն տվեցին թարգմանչաց տոնի մասին, երգեցին ժողովրդական ու հանրության կողմից սիրված հայրենասիրական երգեր, մի շարք ժողովրդական պարերով գեղեցկացրեցին միջոցառումը։
Հատկանշական է, որ այս տոնն ամեն տարի նշվում է այստեղ, և ամեն տարի տոնից բացի կազմակերպիչն ընտրում է նաև հայ բանաստեղծներից մեկին ու նրա ստեղծագործություններով համեմում այս հիասքանչ տոնը։
Այս տարի ընտրվել էր հայ մեծ գրող Պարույր Սևակը, և հենց սևակյան սիրերգությամբ, հայրենիքի ու մոր մասին բանաստեղծություններով էլ գեղեցկացավ միջոցառումը։
Միջոցառման կազմակերպիչը՝ դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանն (Նալբանդյան) «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ այս տոնն ամեն տարի նշվում է Հայաստանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և Դամիայի դպրոցը ևս այն դարձրել է ավանդայույթ ու ամեն տարի նշում են՝ աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ։
«Ընդհանրապես թարգմանչաց տոնին ամեն տարի նույնը չենք կրկնում, այլ թարգմանչաց տոնի անվան տակ՝ ամեն տարի ներկայացնում ենք մեկ դասական գրողի. անցած տարի Թումանյանին ենք ներկայացրել, այս տարի Սևակին, մյուս տարվա համար դեռ կորոշենք», — մեզ հետ զրույցում ասում է ուսուցչուհին։
Նշենք նաև, որ այս տարի թարգմանչաց տոնը Թբիլիսիում էլ նշել են հոկտեմբերի 9-ին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր