Եվրամիությունը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերադարձը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
«Եվրամիությունը հիշեցնում է անցյալ տարի Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության հրապարակային խոստումը` «անվերապահորեն հետ կանչել» այդ օրինագիծը։ Եվրամիությունը մտահոգություն է հայտնում, որ, չնայած 2023 թվականի մարտին հասարակական և միջազգային բուռն արձագանքներին, վերջինս կրկին քննարկվելու է»,- ասված է ապրիլի 4-ին տարածած հայտարարության մեջ։
Եվրամիությունը պնդել է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և լրատվամիջոցների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն են. «Դրանք վճռորոշ նշանակություն ունեն նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի համար»:
ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն նշել է. «Եվրամիությունը ցանկանում է հիշեցնել, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականին համահունչ քայլեր են ձեռնարկվել։ Քայլ 9-ը ներառում է հանձնարարական, որ Վրաստանն ապահովելու է քաղաքացիական հասարակության ազատ աշխատանքը, իսկ առաջին քայլը կոչ է անում պայքարել ապատեղեկատվության դեմ Վրաստանի, Եվրամիության և նրա արժեքների դեմ»:
Ըստ ԵՄ-ի՝ «թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության ազատ գործողությունների հնարավորությունը սահմանափակելու գործիք»։
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին կատարել իր պարտավորությունները՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խթանման ոլորտներում. «Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակին և աջակցում են Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը` կրկին և այս անգամ վերջնականապես ընդունել «գործակալների օրենքը»: Վարչապետը հայտարարել է, որ «ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: Նրանք կոչ են անում Վրաստանի խորհրդարանին մերժել օրենքը, որը վնասաբեր է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների առումով:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը