Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն հայտարարել է, որ Inter Trans ընկերությունը, որը Ռուսթավիից Թբիլիսի և հակառակ ուղղություններով դեղին միկրոավտոբուսներով ուղևորներ է տեղափոխում՝ կտուգանվի 1 100 լարիով (մոտ 367 դոլար)։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 12-ի առավոտյան, թանկացել է Թբիլիսին Ռուսթավիին կապող միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցության սակրեբուլոյի պատգամավորների հետ հանդիպել եմ Inter Trans-ի ներկայացուցիչներին։ Նրանք պարտավոր են մեկ ամիս առաջ մեզ հետ խորհրդակցել գնի հնարավոր փոփոխման հարցով, այդ պարտավորությունը խախտվել է»,- ասել է Լացաբիձեն։
Քաղաքապետը նաև պարզաբանել է, որ ընկերությանը պատկանում է 11 լոտ ուղևորափոխադրման իրավունք, իսկ պայմանագրի պայմանների համաձայն՝ յուրաքանչյուր լոտի թանկացման տուգանքը կազմում է 100 լարի (մոտ 33 դոլար)։
Inter Trans ընկերությունը Ռուսթավի-Թբիլիսի ուղեվարձի թանկացումը պարզաբանել է վառելիքի գների բարձրացմամբ, սպասարկման և վերանորոգման ծախսերով:
«Ինչպես գիտեք, վերջին շրջանում վառելիքը հանրապետությունում թանկացել է 83 տոկոսով և հասել պատմական առավելագույնի։ Քսայուղերի գինն աճել է 25 տոկոսով, անվադողերինը՝ 60 տոկոսով, ավտոբուսների սպասարկման և վերանորոգման ծախսերը՝ 150 տոկոսով», — հայտնել են Inter Trans-ից։
Նշենք, որ նախկինում Թբիլիսիից Ռուսթավի ուղեվարձն արժեր 1 լարի 80 թեթրի, իսկ հիմա տարբեր երթուղիների արժեքը կազմում է 2 լարի 50 թեթրի կամ 2 լարի 80 թեթրի։