
Վրաստանյան «Բաթումելեբի» առցանց լրատվամիջոցը հաղորդագրություն է տարածել տնօրենի պաշտոնակատարի նշանակման մասին։ Ըստ «Բաթումելեբի»-ի՝ «Նեթգազեթի»-ի և «Բաթումելեբի»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի Թամար Ռուխաձեն այնքան ժամանակ, քանի դեռ Մզիա Ամաղլոբելին բանտում կլինի։
Թամար Ռուխաձեն տարբեր ժամանակներում աշխատել է ինչպես տպագիր, այնպես էլ հեռուստատեսային լրատվամիջոցներում։ Նա Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ի գործադիր տնօրենն էր և USAID-ի մեդիա ծրագրի բովանդակության և վերապատրաստման մենեջերը:
«Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին 2025 թվականի հունվարի 11-ից անազատության մեջ է. մի շարք հեղինակավոր կազմակերպությունների և իրավապաշտպանների գնահատմամբ՝ նա ապօրինի բանտարկյալ է։ Ի նշան անարդարության դեմ բողոքի՝ նա 38 օր բանտում հացադուլ էր հայտարարել։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։
Ամաղլոբելին սկզբում վարչական կարգով ձերբակալվել է հունվարի 11-ին, ապա ազատ արձակվել, իսկ մի քանի ժամից՝ հունվարի 12-ին, կրկին ձերբակալվել է այս անգամ քրեական օրենքով՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, անհամատեղելի է գործի հանգամանքների հետ, և դրդապատճառը միայն քաղաքական է։