Տղիբուլիի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ է վիրավորվել։ Մեկը մահացել է Տղիբուլիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել երեկ:
8 տուժածների բուժումը կշարունակվի Թբիլիսիի Խեչինաշվիլիի կլինիկայում։ Տուժած հանքափորները Տղիբուլիից Թբիլիսի են տեղափոխվել երեկ երեկոյան, նրանցից մեկի վիճակը ծանր է։
Վրաստանի Աշխատանքի տեսչական ծառայության տվյալներով՝ հունվարի 30-ին Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի պատճառը, նախնական գնահատմամբ, անվտանգության կանոնների խախտումն է։
«Նախնական գնահատականներով՝ պայթյունի ժամանակ օդում մեթանի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման։ Գործող կանոնակարգի համաձայն՝ հորատման և պայթեցման աշխատանքներն արգելվում են մեթանի 1%-ից ավելի կոնցենտրացիայի պայմաններում։ Խախտված է նաև տեխնիկական կանոնակարգի երկրորդ պարբերությունը, ըստ որի՝ պայթեցման աշխատանքները պետք է իրականացվեն տեխնիկական հսկիչի անմիջական հսկողությամբ։ Նշված անձը դեպքի պահին տեղում չի եղել»,- հայտնել են Աշխատանքի տեսչությունից։
Ծառայության որոշմամբ՝ պայթյունի վայրում դադարեցվել են պայթեցման աշխատանքները։ Վերջնական հաշվետվությունը կհրապարակի աշխատանքային տեսուչների թիմի հետաքննության ավարտից հետո։
Հանքավայրի սեփականատեր «Սաքնախշիրի» ընկերության աշխատանքի անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան սկսել է դեպքի վայրի զննությունը։
Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։
Հատկանշական է, որ այս հանքավայում առաջին անգամ չէ, որ պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ են լինում։
Ավելին՝ կարդալ այստեղ։