Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ բացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անունը կրող երիտասարդական և համայնքային կենտրոն ու գրադարան: Գաղափարը Վիրահայոց թեմինն է, իրականություն է դարձել բարերաների միջոցով, ովքեր վարձակալել են տարածքը: Սա թեմապատկան երրորդ կառույցն է Թբիլիսիում՝ Հայարտուն և Թումանյանի տուն կենտրոններից հետո: Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են՝ նոր կենտրոնի անհրաժեշտությունը կար՝ հաշվի առնելով նշված երկու կենտրոնների խիստ ծանրաբեռնված գործունեությունը և գործունեության արդյունքը.
«Այս կենտրոնի կարիքը կար, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք ունենալ համայնքային գրադարան, մենք կարիք ունենք ունենալ տեղ, որտեղ բաց են դռները բոլոր ժամանկներում մեր համայնքի և մեր երիտասարդների համար, ովքեր ունեն նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք իրականացնելու համար տեղի դժվարություն են ունեցել, այստեղ այդ հնարավորությունները տրվելու են», — «Ալիք մեդիային» ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպս. Միրզախանյանը:
Համայնքային գրադարան հիմնելու գաղափար եղել է վաղուց, ժամանակին գրքերը պահվում էին Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի շենքում, ապա Թումանյանի տուն էին տեղափոխվել, սակայն այստեղ էլ երկար չմնացին: Ընթացքում նկատեցին, որ նորաոճ գրադարակները Թումանյանի տան ընդհանուր բովանդակությանը համահունչ չեն.
«Ուստի ժամանակին դիմեցինք Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, և նրա օգնությամբ ձեռք բերվեցին հնաոճ գրապահարաններ, որոնցում պահում ենք այն հիմնական գրքերը, որոնք այսօր անհրաժեշտ են Թումանյանի տուն այցելողի և այդ գրքերով հետաքրքրվողների համար», — նշում է թեմական առաջնորդը։
Մնացած գրքերը գրապահարանների հետ միասին այժմ նորաբաց սրահում են:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ասում է. «Սա կարելի է անվանել ոչ միայն մշակութային, այլև կրթական օջախ, մենք նույնպես գեղարվեստական գրականություն կնվիրաբերենք այս գեղեցիկ կրթօջախին, մեր բոլոր կրթօջախները, կարելի է ասել, գերծանրաբեռնված են, և դա և՛ եկեղեցու, և՛ վիրահայերի շնորհիվ է, որ այդ կրթօջախներն իրականում աշխատում են ծայրագույն ծանրաբեռնվածությամբ, և այս կրթօջախի բացումը շատ մեծ անհրաժեշտություն էր»:
Գրադարան-կենտրոնի ղեկավարումը վստահել կարելի էր միայն թեմի երիտասարդության բաժնի տնօրինությանը և մասնագետներին, իսկ այ գրադարանավարի մասնագետի պակաս կա. Սրբազանը հույս հայտնեց, որ համայնքից կգտնվեն մասնագետներ, ովքեր կդիմեն՝ քարտադարան ստեղծելու գործն անելու համար, այլապես ստիպված կլինեն Հայաստանից հրավիրել: Հստակ չէ նաև, թե գրքերն արդյոք դուրս են թողնվելու, թե տեղում են ընթերցվելու: Այն, որ ընթերցելու համար նախ պետք է տառաճանաչության ու հայերենի իմացության խնդիր լուծել, Սրբազանը համաձայն է, բայց այս առումով ևս լավատես է. այս խնդիրը ևս լուծում է թեմը՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների օգնությամբ:
Սրբազանը հորդորեց գործել միայն բարության, ուղղամտության, չբամբասկոտության դաշտում, նախկինում եթե բաթողումներ եղել են, հիմա դրա իրավունքը չունենք:
Թեմի առաջնորդը լավատես է՝ վարձակալած տարածքը լավագույնս կարող է ծառայել գրադարանին. ամռանը սառեցվելու է, ձմեռը՝ ջեռուցվելու, մնում է ընթերցողի պակաս չունենա: