Տոլմայի ավանդական 7-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է Թբիլիսիի Եկեղեցասեր կանանց Շուշանիկ միության կողմից: Ամենահամեղ փառատոններից մեկն այս տարի այլ խորհուրդ ուներ: Տոլման որպես սիրո և միասնության խորհրդանիշ:
Մինչ հյուրերը կշրջեին Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղադրված տաղավարներում ու կհամտեսեին տոլմայի տեսականին, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դիմեց հավաքված հյուրերին՝ որպես թեմակալ առաջնորդ՝ թերևս վերջին անգամ: Սրբազանը հայտնել է իր հոգևոր առաքելությունը Վիրրահայոց թեմում ավարտելու մտադրության մասին:
Խոսվեց վերջին գրեթե երկու տասնամյակում թեմի ձեռքբերումների, արված ու ընթացքում գտնվող գործերի մասին. Հայաբնակ շրջաններում կառուցված, վերակառուցված տասնյակ եկեղեցիները, հայկական եկեղեցիների վերադարձի ուղղությամբ տարվող պայքարը, Սամցխե-Ջավախքի առանձին առաջնորդական փոխանորդությունը, սերտ կապերը քույր-եկեղեցիների հետ, թեմապատկան գիտական-մշակութային կենտրոնները, նախակրթարանները, կիրակնօրյա դպրոցները, հոգևոր արժեքների պահպանությանն ուղղված միջոցառումները և այլն:
Ելույթներից հետո ներկաներին տոլմա հյուրասիրվեց, միջոցառումն ուղեկցվեց համայնքային մշակութային կազմակերպությունների ելույթներով: