Ծալկայի շրջանի հայաբնակ Դարակով գյուղի մեծերից Սամսոն պապը նարդու սիրահար է՝ գյուղի տղամարդիկ օրվա իրենց բաժին աշխատանքը կատարելուց հետո հավաքվում են պապի օջախում՝ մի փուլ նարդի խաղալու: Սամսոն պապի հետ նարդի խաղալ սիրում են գյուղում մնացած երիտասարդները ևս:
Այստեղ շատերն են արտագաղթել Հայաստան կամ Ռուսաստան, սա վրդովեցնում է ավագ սերնդին՝ իրենք երբեք չեն մտածել արտագաղթելու մասին, նույնիսկ գյուղատնտեսության համար ծանր պայմաններում: Պապն ասում է՝ հիմա հողը մշակելու համար հատուկ մեքենաներ կան, սարքեր, կյանքը շատ է հեշտացել գյուղացու համար:
Նախկինում գարին, հիմա՝ կարտոֆիլը գյուղի այցեքարտն է, բնակչության հիմնական զբաղմունքը: Սամսոն պապն ասում է՝ Դարակովը կարտոֆիլ աճեցնելու համար բարենպաստ պայմաններ ունի, ի տարբերություն Ախալքալաքի, Դարակովը ցածրադիր է, ոռոգման ջուրը կա, էլ ինչ է պետք լավ բերք ստանալու համար: Հիմա միակ խնդիրը պատրաստի բերքը սպառողին հասցնելն է կարտոֆիլն իրացնելու համար: Ալիք Մեդիայի նկարահանող խմբին Սամսոն պապը ցույց է տալիս տնամերձ այգում աճող կարտոֆիլը, պատմում գյուղի առօրյայի մասին: